constitution

Հոդված 8

Հոդված 8. Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը  
  1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը:
  2. Կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն: Կուսակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորություններ:
  3. Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը:
  4. Կուսակցությունների կառուցվածքը և գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին:

Առաջարկություն

Հոդված 8. Գաղափարախոսական բազմակարծությունը
  1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական քաղաքական համակարգը:
  2. Կուսակցությունները կազմավորվում և գործում են ազատորեն:
  3. Կուսակցությունների համար օրենքով երաշխավորվում են գործունեության հավասար իրավական հնարավորությունները, համապետական ընտրությունների ժամանակ հավասար պայմաններով լրատվամիջոցների մատչելիությունը, ընտրությունների ու հանրաքվեների ժամանակ իրենց գաղափարները քարոզելու և տարածելու հավասար հնարավորությունները՝ օրենքով սահմանված կարգով:
  4. Կուսակցությունները նպաստում են ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը:
  5. Կուսակցությունների կառուցվածքը և գործունեությունը չեն կարող հակասել ժողովրդավարական սկզբունքներին:
  6. Կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը պետք է հստակ տեղեկատվություն պարունակեն կուսակցության քաղաքական ուղղվածության, գաղափարախոսության, ծրագրային հիմնադրույթների, նպատակների ու խնդիրների, ինչպես նաև երկրի արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական ու արդիական հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումների մասին։
  7. Պետությունն ապահովում է կուսակցությունների տարանջատումը պետական կառավարման գործառույթներից, ինչպես նաև ապահովում է դատական իշխանության և տեղական ինքնակառավարման ապակուսակցական բնույթը։
  8. Կուսակցությունները չեն կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն տնօրենել, տիրապետել, ուղղորդել, ղեկավարել կամ կառավարել զանգվածային լրատվամիջոցներ, տպագիր կամ Ինտերնետային մամուլ, ուսումնական հաստատություններ կամ ծավալել որևէ գործունեություն նշված հաստատություններում՝ ապահովելու համար հասարակության և քաղաքացու՝ օբյեկտիվ տեղեկատվություն և կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը։
  9. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, ուսուցիչները և դասախոսները չեն կարող իրենց կուսակցական կամ քաղաքական գաղափարները քարոզել կամ տարածել իրենց աշխատանքային գործունեության ընթացքում կամ օգտագործել իրենց աշխատանքը կամ պաշտոնը իրենց կուսակցական կամ քաղաքական քարոզչության կամ որևէ այլ եղանակով քաղաքական առավելություն ստանալու նպատակով։

Հիմնավորում

Անհրաժեշտ է հստակեցնել այս հոդվածի իմաստն ու նշանակությունը, բավարար իրավական հիմք ստեղծելով պատասխանատվության մթնոլորտ ձևովորելու համար։

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել