constitution

Հոդված 42

Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը
  1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
  2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը:
  3. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Առաջարկություն

Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը
  1. Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:
  2. Օրենքով պետք է սահմանվեն լրագրողի մասնագիտական իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ տեղեկատվության հավաստիությունը ճշտելու, տեղեկատվության աղբյուրի բացահայտման բացառիկ դեպքերը, ակնհայտ կեղծ տեղեկտվություն տարածելու համար պատասխանատվության հիմքերը և կարգը, ինչպես նաև հանրային անձի կամ հանրային հնչեղություն ունեցող իրադարձության մասին և մասնավոր անհատի կամ կազմակերպության մասին կամ մասնավոր իրադարձության մասին տեղեկատվության հավաստիությանը ներկայացվող պահանջերը։
  3. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է պետության կողմից, այդ թվում՝ երաշխավորելով տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը՝ հայերեն լեզվով հաղորդումների գերակայությամբ և օտար լեզուների միջև հեռուստա և ռադիո եթերի հավասարաչափ համամասնությամբ:
  4. Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
  5. Նախընտրական շրջանում օրենքով և պետական ու համայնքային մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից պետք է երաշխավորվի ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունների ու թեկնածուների համար իրենց կարծիքն ու քաղաքական ծրագրերը հավասար պայմաններում ու կարգով, այդ թվում՝ հավասար եթերաժամի, քաղաքական գովազդի բոլոր հնարավորությունները և քաղաքացիների հետ հանդիպումների լուսաբանումը, այդ թվում՝ զանգվածային լրատվական միջոցներով դրանց հասանելիությունը։

Հիմնավորում

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել