constitution

Հոդված 201

Հոդված 201. Կենտրոնական բանկի նախագահը և խորհուրդը 1. Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալից և հինգ անդամից: Կենտրոնական բանկի նախագահին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական բանկի նախագահ: Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով: 2. Կենտրոնական բանկի խորհրդի անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող և պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք: Կենտրոնական բանկի խորհրդի անդամների նկատմամբ օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ: 3. Կենտրոնական բանկի նախագահի և խորհրդի մյուս անդամների վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Կենտրոնական բանկի նախագահը և խորհրդի մյուս անդամներն իրավունք ունեն առևտրային կազմակերպություններում և հիմնադրամներում զբաղեցնելու իրենց կարգավիճակով պայմանավորված պաշտոններ: 4. Կենտրոնական բանկի խորհրդի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն: 5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պայմաններից որևէ մեկը խախտելու դեպքում Կենտրոնական բանկի նախագահի լիազորությունները դադարեցնում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, իսկ մյուս անդամներինը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 6. Կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալների և խորհրդի անդամների լիազորությունները սահմանվում են օրենքով:

Առաջարկություն

Հիմնավորում

Պատասխանել

avatar
  Բաժանորդագրվել  
Ծանուցել