"Նոր Սահմանադրություն" նախաձեռնություն

"Նոր Սահմանադրություն" նախաձեռնության նպատակն է Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Սահմանադրական փոփոխությունների մշակման գործընթացն իրականացնել համընդհանուր մասնակցային, անկուսակցական-ներառական ու ուղիղ ժողովրդավարական եղանակով՝ հասարակության լայն շրջանակների ներգրավմամբ։ Սահմանադրական փոփոխությունների մեր առաջարկած տարբերակը չի հավակնում լինել վերջնական կամ միակ ճշմարիտ տարբերակը։ Հանրային քննարկման նպատակն է քաղաքացիների առավել ակտիվ ներգրավումն այս գործընթացին։

Մեր Մասին

“Նոր Սահմանադրություն” նախաձեռնությունը հիմնադրվել է Ազգային առաջընթաց կուսակցություն կողմից, որի անդամները, մի շարք անհատների հետ համատեղ, մշակել են Սահմանադրության փոփոխությունների փաթեթը, որը ներկայացվում է հանրության դատին։ Մեր նպատակն է սկսել հանրային լայն քննարկում առանց որևէ կուսակցական պատկանելիության։

Սույն կայքում հրապարակված Սահմանադրական փոփոխությունների հեղինակային իրավունքները պատկանում են Ազգային առաջընթաց կուսակցությանը և իրավաբան Հայկ Գրիգորյանին։ Առանց հեղինակների մասին նշում կատարելու ու առանց սույն կայքին հղում անելու, չի թույլատրվում սույն կայքում հրապարակված սահմանադրական փոփոխությունների կամ դրանց մի մասի տարածումը կամ վերարտադրությունը որևէ եղանակով։

Հայաստանի Երրորդ Հանրապետության գոյության շուրջ երեսուն տարվա ընթացքում երկրի Հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, փոփոխվել է երկու անգամ։ 1995թ-ին Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ընդունված Սահմանադրությունը փոփոխվել է 2005թ-ին՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք, իսկ հետագայում նաև 2015թ-ին՝ Սերժ Սարգսյանի օրոք։ Նշված երեք դեպքում էլ Սահմանադրության մշակումը, ընդունում ու փոփոխումն իրականացվել է տվյալ պահին իշխող քաղաքական ուժի կամ անհատի կողմից իր կամ իրենց քաղաքական նպատակներից ելնելով։

Նախագծի Մասին

"Նոր Սահմանադրություն" նախաձեռնության նպատակն է Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանադրության մշակման գործընթացն իրականացնել քաղաքացիների համընդհանուր մասնակցությամբ՝ հասարակության լայն շրջանակների ներգրավմամբ առանց կուսակցական շահերի հաշվառման։ Սահմանադրության նման համաժողովրդական մշակման գործընթաց իրականացվել է Իսլանդիայում 2010-2013թթ ընթացքում, որի փորձի ուսումնասիրության հիման վրա էլ մենք նախաձեռնել ենք սույն գործընթացը։ Կայքը պատրաստված է այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատորեն իր կարծիքն արտահայտել առաջարկվող յուրաքանրյուր փոփոխության մասին, հոդված առ հոդված, ինչպես նաև անել առաջարկություններ ամեն մի հոդվածի վերաբերյալ։ Մեր փորձագետները ուսումնասիրելու են անխտիր բոլոր առաջարկությունները, դրանք միավորեն խմբերի մեջ և քննարկման արդյունքում դրանք ներառեն նախագծի մեջ կամ դրանք մերժելու դեպքում՝ տեղեկացնելու են տվյալ քաղաքացիներին՝ նշելով նաև մերժման պատճառները։ Կայքը հնարավորություն է տալու քաղաքացիներին քվերակել հոդվածներին կողմ կամ դեմ, առանձին առանձին, և դրանով իսկ վերջնական տեքստում կներառվեն միայն դրական արձագանքի արժանացած հոդվածները։